2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՄԵՐ ՀՈՂԵ ՔԱՐՏԵԶԻ ՀՈՂԵ ԿԱՐԿԱՏԱՆՆ ԱՐՑԱԽՆ Է ԱՅՍՕՐ»

«ՄԵՐ ՀՈՂԵ ՔԱՐՏԵԶԻ ՀՈՂԵ ԿԱՐԿԱՏԱՆՆ ԱՐՑԱԽՆ Է ԱՅՍՕՐ»
04.06.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
Բանաստեղծ ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԸ, իր ներաշխարհի որոնումներին հետամուտ, այսօրվա ապրումի սաղմերը շոշափում-երևան է հանում ուրարտական թագադրոշմների անձրևատարափում: Այդ տարափի միջից երևակվում են հեռավոր ժամանակների շոշափելիորեն հստակ պատկերները, որոնք մերօրյա տագնապների արձագանքն են կրում նաև:
«Իրավունքը de facto»-ն հյուրընկալել է Հովիկ Հովեյանին, վստահաբար ակնկալելով իր ընթերցողներին ներկայացնել նրա բանաստեղծական աշխարհին հարիր մի զրույց` «…և ոչ միայն մշակույթի մասին»:

Ինքնին հասկանալի է, որ բանաստեղծի հետ զրույցը չի կարող հեռու և անջրպետված լինել բանաստեղծությունից: Հարցազրույցի ընթացքը ներառում է նաև Գեղեցիկի և դրանից դուրս եղող ամենայնի համադրում-հակադրումների դաշտը` փորձելով բացահայտել Հովեյան բանաստեղծի, քաղաքացու, հայի տեսակը:
«ՈՒ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՆՈՐԻՑ, ՈՒ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՄԵՆԱԿ»
-Պարոն Հովեյան, Ձեր «ՈՒրարտական անձրևներ» ժողովածուն ընթերցողին բանաստեղծորեն տանում է դեպի ոչ բանաստեղծական իրողությունների աշխարհ: Դեմ չե՞ք բացելու որոշ փակագծեր և, օրինակ, բացահայտելու հետևյալ տողերի տակ թաքնված ասելիքը մերօրյա լույսի, մասնավորապես, Ռուսաստան-Թուրքիա ջերմացող շփումների ներքո.
«Ներսս լեցուն է ուրարտական անձրևներով,
Սակայն ջրվեժումներս վերաբերել են միշտ
Կրեմլի ուշացած պարիսպներին…»:

-Ամեն հայի ներաշխարհ լեցուն է թե՛ ուրարտական անձրևներով, թե՛ ցորենարտի ծփանքով, թե՛ մորեխի ներխուժմամբ ու ամայացումով… Մեր տեսակի բացատրությունն անբացատրելի մի գոյաձևի գենետիկորեն չափերիզված անկյունն է այս լայնարձակ աշխարհում: Անկյունը, ոչ` անապատն ու օվկիանոսի հորիզոնաձև ծալվածքը, անկյուն-խորանը, աստղադիտարան- Քարահունչը, տիեզերք զննող քարե հավերժօղակը: Մեր քարտեզի վրա սմբակի հետքով հիշատակվողն ընդամենն այլանդակի ու կենսաբանական ճողվածքի մանրակերտ է տողերիս ենթաշերտերում: Իսկ «կարմիր ջրվեժումները», իրոք, քաղաքակրթական և ֆորմացիոն որոշակի արգելակումների, հապաղումների, գունափոխումների, ձևախեղումների «ծննդատուն»: Մենք Արևի տակ միշտ էլ մենակ ենք կանգնել, կանգնել ենք հպարտ ու գլխատված, նետահար ու արտիստիկ, կանգնել ենք որպես ճորտ ու հանդուգն, որպես արքա ու խեղկատակ, դավաճան ու ինքնակեզ: Մեզ կանգնած են պեղել, ճյուղատել, կողերիզել ու դակել: Կանգնած, անշարժ, անհողդողդ: ՈՒ մեր փոխարեն շարժվել է մեր հողը, շարժվել է դեպի ներս, լցվել մեր մեջ, նեղացել, սեղմվել, ու դարձել ենք հողե կիսանդրի և հողե քարտեզ: Մեր հողե քարտեզի հողե կարկատանն Արցախն է այսօր: Կարկատողը` մեռած, հող դարձած որդիները մեր: Հողը հողով է կարկատվել: ՈՒ կանգնած ենք նորից, ու կանգնած ենք մենակ:
«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔ Է ԿԻՍԱՎԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ»
-Բալզակն ասել է. «Աշխարհում չկա ավելի լավ փոխըմբռնում, քան երկու նման վշտերինը»: Ինչո՞ւ, ուրեմն, չի կայանում փոխըմբռնում յաթաղանազարկ հայերիս և ողջակիզված հրեաների միջև:
-Վայնասունի առաջնայնության հարց չէ: Քաղաքական, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, տնտեսական, ժողովրդագրական, օլիգարխիական խնդիր է: Երկու բացասական լիցքեր պիտի որ վանեն միմյանց: Ցեղասպանությունը ո՛չ թեմա է, ո՛չ երևույթ և ո՛չ էլ անցյալ: Ցեղասպանությունն ապագա է, որ ստեղծվել, աշխարհ է եկել իգահրեշի սոսկավիժումով: Ոսկորից ու սարսափից շաղախված «միաբանություն» չի կարող լինել: Հոլոքոստը թավալգլորվում է (այս էլ քանի՜ տարի) դոլարե բլուրների վրա, Հայկական եղեռնը, հայերի ցեղասպանությունը մուրացկանի մեկնած ձեռք է կիսավեր եկեղեցու բակում: Հայերի ցեղասպանությունը սևագիր էջի լուսանցքում խզբզված ձեռագիր է, հոլոքոստը` թալմուդի փաթեթում զմռսված ու փայփայվող հռչակագիր: Մենք երգում, նկարում ու ասմունքում ենք մեր եղեռնը, հրեաները` հոլոքոստաձույլ ականջօղեր են կախում մոլորակի նույնիսկ տղամարդկանց ականջներից: Ցեղասպանությունը թեմա և ծառատունկ չպիտի լինի գիտնականներիս ու քաղաքական գործիչներիս համար, ցեղասպանությունը պիտի ցեղասպանել արժանապատիվ ռազմաքաղաքական, գիտամեթոդական, պատմադիվանագիտական ու ֆինանսական ռազմավարությամբ: Վշտերի «միակցումը» վտանգավոր է նաև նրանով, որ այդ նույն վշտերի կրկնաչափը տենչողները կարող են մի օր էլ մրցանակաբաշխություն սահմանել «Հայոց եղեռն» և «Հոլոքոստ» անվանակարգերում:
«ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՄԵՐ ՇԱՐԺՈՒՁԵՎԻ ՄԵՋ Է ՃԶՄՎՈՒՄ, ԲԱՐԱԿՈՒՄ»
-«Ես երկիր եմ` չաստվածներով լեցուն» տողը ներշնչված է աղանդավորախեղդ մեր իրականությա՞մբ:
-«Ես երկիր եմ` չաստվածներով լեցուն» տողը կարգախոսային մոտեցմամբ չպիտի ընկալել: Նկատի ունեմ նաև կիսաստվածների ու սրբությունների այն խորհրդանշական համայնապատկերը, որ մեր էթնոսն իր հիշողության կոհակների վրա կրել ու հասցրել է մինչ մեր օրերը:
-«Գիտելիքի զամբյուղն արհամարհված է ինձնից շատ անդին»: Արհամարհանքի այս համապատկերն ինչպե՞ս է տեղավորվում հօգուտ օտարալեզու դպրոցների ծայր առած վերջին օրերի ջատագովության խնդրառույթում:
-Վախենում ենք օտար, օտարալեզու, օտարաձև, օտարաչափ, օտարոտի և «օտար»-ով սկսվող ամեն բանից: Մինչդեռ ինքներս մեզնից ենք օտարվել ու օտարվում` չըմբռնելով օտարամոլության իրական զեղումը: Վախենալու բան չկա, պարզապես կրթական համակարգին առնչվող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերն են խոցելի: Մեր լեզուն մեր շարժուձևի մեջ է ճզմվում, բարակում, մեր չտեսության ու նմանակման տաղանդի մեջ մաշկազերծվում: Գիտելիքի զամբյուղի արհամարհանքի հիշատակվող դիսցիպլինը բանաստեղծությանս մեջ առավել խորքային իմաստներ ունի:
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՍԱՀՄԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՄԵԿԵՆԱՍԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՂ ՄԱՏՌՎԱԿ Է»
-Պատմության տարաբնույթ ընկալման ենք հանդիպում Ձեր տողերում: Մե՛րթ գրում եք. «Պատմությունը ծխամորճ է մոռացության ծոցագրպանում»: Մե՛րթ էլ Ձեր ձեռքն եք առնում արևից տրված ասեղը.
«Որ կարկատեմ պատմությանս
Ծիրանին անթագավորաբնակ,
Որ կարկատեմ քարտեզս ցանուցիր»:
Ըստ Ձեզ` ո՞ր զգացողությունն է ավելի տիրական հայ մարդու ներսում:

-Հայ մարդու առեղծվածն այնքան ենք առեղծվածացրել, որ թվում է, թե խոսում ենք գլոբուսից դուրս ճախրաթևող մի չբացահայտված օբյեկտի (ափսեի) մասին: Մինչդեռ կարաս ենք նախաուրարտական, արմատ ենք ու պատմագիր, և ոչ պատմության ատրիբուտ: Պատմությունը անսահմանի հնարավորություններն ըստ մեկենասի քմահաճույքի արձանագրող մատռվակ է: Պատմությունը լեցուն է ուշացումներով, պատմությունը հասարակական ընթացքը` պատերազմներն ու խաղաղությունը, դեպքերն ու իրադարձություններն ընդամենը մեկ մարդու կենսագրությամբ ներկայացնող թատրոն է ձանձիր: Խեղաթյուրումների մի ամֆիթատրոն, որտեղ ենթադրությունների ենթատեքստերում են միայն իրականության սաղմերը լողում: Պատմության առարկան թվում է թե մարդը, հասարակությունը, իրադարձությունները պիտի լինեին, բայց, դժբախտաբար, հերոսների ու թվագրությունների թվարկում է սոսկ, և այստեղ էլ անմաքուր է խաղադաշտը անցյալի: Հայ մարդու ներսում, եթե կուզեք իմանալ, տիրականը պատմության չիմացությունն է, հենց այն պատճառով, որ այնքան խոր է, շա՜տ, այնքան խայտաբղետ ու լեգենդախեղդ, որ չիմացությունն է միայն ելակետ դառնում:
«ԳԵՂԵՑԻԿԸ ԵՆԹԱԿԱ ՉԷ «ԲՌՆԱԿՑՄԱՆ»
-«Սիրտս կաքավ էր պուտավոր,
Եվ հիմա քաղաքական զսպանակներով զոնդավորված
Մի պտուտակ ենթակա»:
Թույլ տվեք հետաքրքրվել` այս հոգեվիճակը նախարարական պորտֆելի ժամանակի հետ առնչություն ունի՞:

-Ե՛վ այո՛, և ո՛չ …
-«Պարադոքս» բանաստեղծության հերոսը «քաղաքական զոդվածքի դնչկալով» իտալական արիաներ է երգում, իսկ ծափահարողը «Քամին է ուրարտական»: Այդքան հեռվո՞ւմ է պետք փնտրել քաղաքական ձևախեղումների և Գեղեցիկի բռնակցումը:
-Սա ամբոխի ու անհատի այն հարաբերումն է, երբ անհատը ձեռք է մեկնում` սայթաքած Երկիրը վեր բարձրացնելու, և հանկարծ թիկունքին զգում է այդ նույն ամբոխի խածոցը վայրի: Մինչդեռ Գեղեցիկը ենթակա չէ «բռնակցման»: Գեղեցիկը` պոեզիան, ինքն իրեն հայելու մեջ անընդհատ նայող հավիտենականությունն է:
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՁՐԵՎՆԵՐԻՑ ԵՐԲԵՔ ԹՈՔԱԲՈՐԲ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ»
-Ի՞նչ «անձրևների» Է ունկնդիր բանաստեղծի Ձեր մուսան վերջին շրջանում:
-Մշակութային անձրևներից երբեք թոքաբորբ չեմ ունեցել: Առարկաներն ու իրերն ինքնին գեղեցիկ չեն կարող լինել: Գեղեցիկն այն հոգին է, որ զննում է դրանք: Գեղեցիկ են հույզերն ու նրբերանգները, տիեզերքի ձայնալարերն ու ծովի տառապանքն անհատակ, գեղեցիկ են այն երևույթներն անքնին, որ դուրս են մեր գիտակցականից, բայց և հաստատ կան: Առհասարակ, տրանսցենդենտալին առնչվող ամենայն ինչն ինձ իր ունկնդիրն ու հանդիսատեսն է դարձնում, և ես հոժարությամբ ենթարկվում եմ նրա հմայիչ զրնգոցներին: «ՈՒրարտական անձրևներ»-ս հակացուցված են մշակույթի այսօրվա դաշտում հաճախակիորեն կակազերգող-«ջրածնային» անձրևաքշուկներին: Ցայսօր հրատարակել եմ բանաստեղծական տասը ժողովածու, բանաստեղծություններս թարգմանվել են իտալերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, սերբերեն, պարսկերեն, արաբերեն: Երբեք չեմ փորձել դիմել դրամատուրգիայի, առհասարակ, արձակ ժանրերի, քանզի հավատարմություն եմ տածել բանաստեղծության` ենթագիտակցական ու ժառանգությամբ ինձ տրված բացարձակապես արձակ ու ազատ դաշտին: Շուրջ երկու տասնյակ փաստագրական ֆիլմերի հեղինակն ու սցենարիստն եմ, երկու ձի ունեմ Արագածոտնում, երկու զավակ` Երևանում, և մեկ Աստված` այս ու այն կյանքում: ՈՒրարտական «անձրևներ» միշտ էլ տեղացել են իմ ներաշխարհում` սեպագրերի, ժայռագրերի ու նժույգների տեսքով, և համոզված եմ, որ այդ նույն ուրարտական «անձրևները» բանաստեղծական իմ մուսային վնաս չեն, վնաս չեն…
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ